23 մարտի 2013 - 15:00 AMT
ԵՊՀ ուսանողներին սովորեցրել են, թե ինչպես առաջնորդ լինել

Առաջնորդի և հետևորդի միջև տարբերությունը նորամուծությունն է: Սթիվ Ջոբսի խոսքը մեջբերելով` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մեկնարկած «Առաջնորդության օր» ծրագրի շրջանակներում Ալեն Շադունցն է ելույթ ունեցել: Միջոցառումը կազմակերպել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, որտեղից էլ ծրագրի մասին տեղեկացնում են PanARMENIAN.Net-ին:

Շուրջ 40 մասնակիցներ միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունեցել ծանոթանալ առաջնորդության էությանը: Ծավալվեց հետաքրքիր բանավեճ, որի հիմքում ընկած էր հետևյալ խնդիրը՝ առաջնորդները ծնվում են, թե դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում, հանգամանքների բերումով: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել նաև թրեյներ Արտակ Ալոյանն ու «Դեպի Հայք» կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Գապագեանը, ովքեր երիտասարդների ներկայացրել են իրենց գաղափարներն ու անձնական փորձի հաջող օրինակը: Բացի տեսական գիտելիքներից, մասնակիցները հնարավորություն են ունեցել հատուկ իրավիճակային խաղերի ու թեստերի միջոցով բացահայտել սեփական առաջնորդական հակումներն ու ոճերը: