25 հոկտեմբերի 2005 - 18:20 AMT
Հայաստանի նախագահը նշել է Աջարիայի հետ համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անցնող ամառ հայ զբոսաշրջիկների մեծ հոսքը դեպի աջարական հանգստավայրեր եւս վկայում է, որ կապերի վերստին աշխուժացման անհրաժեշտություն կա, եւ պետք է օգտագործել համատեղ ծրագրեր իրականացնելու առկա հնարավորությունները: Աջարիայի կառավարության նախագահը տեղեկացրել է, որ հայ գործարար շրջանակների հետ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության, ծխախոտագործության եւ առողջապահության բնագավառների կոնկրետ ծրագրերի շուրջ: Նա ասել է, որ իրենք շահագրգիռ են հատկապես հյուրանոցային եւ սպասարկման ոլորտի բիզնեսի Հայաստանի հաջողված փորձը Աջարիայում հայ գործարարների մասնակցությամբ կիրառելու խնդրում: Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի եւ Աջարիայի միջեւ օդային եւ երկաթուղային հաղորդակցություն ապահովելու հնարավորության մասին, ինչը զբոսաշրջիկներին թույլ կտա հանգստավայրեր հասնել կարճ ժամանակում եւ հարմարավետ: