25 հոկտեմբերի 2005 - 19:15 AMT
Կանզաս նահանգի փոխնահանգապետ. ԱՄՆ-ն նույնպես սովորելու բան ունի Հայաստանից
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել Կանզասի նահանգի ադյուտանտ-գեներալ, Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի եւ փոխնահանգապետ Դենիս Մորի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Թոդ Բանթինգի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահության եւ ռազմական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման գործունեությանը, որի պատրաստման գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ Կանզասի մասնագետները:
Փոխնահանգապետ Դենիս Մորի հետ հանդիպման սկզբում նախարար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ապրիլի 24-ը Կանզասում հայերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ:Նշելով, որ 2003 թվականից սկսված երկկողմ գործկացության շրջանակներում բազմաթիվ համատեղ միջոցառումները հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ մաս են կազմում` փոխնահանգապետ Դենիս Մորը, մասնավորապես, նշել է. «Մեր համագործակցությունը շատ օգտակար է եւ արդյունավետ: Մենք կօգնենք բոլոր հնարավոր հարցերում: Հայաստանը շատ կարեւոր երկիր է եւ այդպիսին եղել է աշխարհի պատմության մեջ: Դուք առաջինը ընդունեցիք քրիստոնեությունը, եղաք առաջին երկիրը, որը դուրս գալով ԽՍՀՄ կազմից` անկախություն հռչակեց»: Նա հաղորդեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին տրմադրել ցանկացած գիտելիք եւ օժանդակություն: «Ես պարզապես ուզում եմ, որ դուք իրազեկ լինեք, որ մենք նույնպես ձեզանից սովորում ենք»,-հայտըարարել է Դ.Մորը:
Իր հերթին Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանին լավ են վերաբերվում հատկապես մեծաթիվ հայ համայնք ունեցող նահանգները, սակայն Կանզասի պարագայում դա նաեւ նշանակում է մոտեցման փոփոխություն, ինչը չի կարելի չգնահատել: «Սկսած հենց անկախության առաջին օրվանից ԱՄՆ-ն մեծ օժանդակություն է ցուցաբերել` մեր անկախությունը ամրապնդելու, ժողովրդավարական նորմեր հաստատելու եւ ժողովրդի կենսական հարցերը լուծելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի օժանդակությամբ կկարողանանք կառուցել ավելի անկախ, բարեկեցիկ ու լավ երկիր», -նշել է Սերժ Սարգսյանը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանզասի պաշտպանական համալիր, այնտեղից էլ` Ֆորտ Ռայլիի ռազմակայան: