25 հոկտեմբերի 2005 - 19:24 AMT
Վրաստանում ձեւավորվում է Հայ ուսանողների միություն
Այսօր տեղի է ունեցել Վրաստանի Հայ ուսանողների միության նախաձեռնող խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ ուսանողների միավորման եւ ջանքերի ակտիվացման հարցը` ուսանողների շահերը պաշտպանելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել վիրահայերի «Նոր սերունդ» միավորումում: Կազմակերպության աշխատանքի հիմնական գերակայությունները կլինեն Վրաստանում հայ ուսանողների եւ դիմորդների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, բարձրագույն ուսումնական հաստատություններին վերաբերող օրինագծերի մշակումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը եւ Վրաստանի սահմաններից դուրս բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորության մասին տեղեկատվության տրամադրումը: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողներն են` վիրահայերի «Նոր սերունդ» միավորումը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, Թբիլիսիի տեխնիկական համալսարանը, Թբիլիսիի պետական համալսարանը, Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանը, Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական ինստիտուտը եւ «Գաենաթի» ազգային ինստիտուտը: Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Հայաստանի ոչ կառավարական սեկտորի եւ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: