27 մարտի 2013 - 12:30 AMT
Զատկի նախօրեին ձվի գինը արդեն գերազանցում է 70 դրամը 1 հատի համար

Ավանդական դարձած ձվի թանկացումը Զատկին ընդառաջ արդեն ոչ ոքի չի զարմացնում, չնայած նրան, որ համապատասխան պետական կառույցները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկվում, թույլ չտալու համար գների անհիմն թանկացում:

Այնուամենայնիվ, մանրածախ առևտրի կետերում խոշոր ձվի 1 հատի գինը արդեն 70-76 դրամ է, այն դեպքում, երբ դեռ մեկ ամիս առաջ դրանք կարելի էր ձեռք բերել 60 դրամով: Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ աճել է 4.4%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ`2.3%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.1%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`0.9% գնաճ:

Ինչպես նշում է Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը ձկնամթերքի շուկայում հիմնականում պայմանավորված է այնպիսի ձկնատեսակների գնաճով, ինչպիսիք են չուքան («ստերլետ») և «իշխանը», որոնց գներն աճել են համապատասխանաբար 1 և 1,4 տոկոսով:

Երևանի մանրածախ առևտրի կետերում չուքայի («ստերլետ») 1կգ կարելի է ձեռք բերել 3400 դրամով, իսկ «իշխանը» 1800 դրամով: Գնաճ կարող է արձանագրվել նաև ամսվա վերջում, երբ կաճի պահանջարկը կապված Զատկի տոնի հետ: