Մեծ Բրիտանիայում շարունակվում է Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված, արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում մարտի 26-ին հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի Սենթ Էնթընի (St. Antony) քոլեջում տեղի ունեցավ քննարկում, որը կազմակերպվել էր Օքսֆորդի հայ ուսանողական միության հետ համագործակցությամբ։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, «Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով քննարկմանը ելույթ ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Մարտի 27-ին նույն թեմայով քննարկում տեղի ունեցավ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Քննարկումը, որը կազմակերպվել էր «Լույս» հիմնադրամի աջակցությամբ Լոնդոնում ուսանող երիտասարդների ջանքերով, վարում էր UCL-ի հայտնի դասախոս Փիթեր Դանքանը, իսկ բանախոսներն էին Վահան Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Ռիչարդ Կիրակոսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Լոնդոնի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հյուրընկալվեցին BBC-ում: