28 հոկտեմբերի 2005 - 16:51 AMT
Oրհան Փամուկին մեղադրել են «զինվորականությանը վիրավորելու» համար
Թուրքիայի Իրավաբանների միության նախագահ Քեմալ Քերինչսիզը դատական հայց է հարուցել թուրք գրող Օրհան Փամուկի դեմ այն մեղադրանքով, որ նա 2005 թ. հոկտեմբերի 20-ին գերմանական «Դի Վելտ» թերթին տված հարցազրույցում «վիրավորել է թուրք զինվորականությանը» եւ հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը սպառնալիք է ժողովրդավարությանը Թուրքիայում: Սպառնալիքը, դժբախտաբար, ավելի շատ կապված է զինվորականության հետ»: Ք.Քերինչսիզը պնդում է, որ Փամուքին պետք է դատել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն, ըստ որի հանցագործություն է համարվում եւ հետեւաբար` պատիժ է սահմանվում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք «Թուրքիայի տարածքում նվաստացնում են թուրք ազգին, թուրքական հանրապետությանը, պետական հաստատություններն ու կազմակերպությունները», հաղորդում է թուրքական «Զաման» թերթը: Հիշեցնենք, որ տարեվերջին պետք է կայանա դատական նիստ Օ.Փամուկի գործով, որը մեղադրվում է «Թուրքիայի ինքնությանը վնաս հասցնելու համար»: 2005 թվականի փետրվարին Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Թուրքիայում սպանվել է շուրջ 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ»: