29 մարտի 2013 - 12:08 AMT
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում՝ Ֆրանսիայում

Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարևորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ և շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանեաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Սրբազան Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի օրհնության խոսքից հետո ելույթներով հանդես եկան ԵԿՄ և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության ներկայացուցիչները:

Այնուհետև կայացավ ԵԿՄ մեդալների և պատվոգրերի շնորհման արարողությունը, որի ընթացքում պարգևատրվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի Թեմակալ առաջնորդը, Արցախի ազատագրմանը մասնակցած ԵԿՄ անդամներ, ֆրանսահայ բժիշկներ, լրագրողներ և շարժման տարիներին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը ցուցաբերած այլ անհատներ: