
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակը մարել` խաղալով Սերժ Սարգսյանի խաղը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայաստանում երբեք նման զավեշտալի վիճակ չի եղել, որ այդքան ձայն հավաքած թեկնածուն այդպիսի պահվածք դրսևորի: «Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև գաղտնի նամակագրությունը նույնպես զավեշտ է: Իշխանությունը չի թողնում, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և կայանա: Ամեն ինչ արվում է հօգուտ իշխանությունների»,- ասաց նախկին թեկնածուն:
Ըստ Արամ Հարությունյանի` ինչքան Ազատության հրապարակը շուտ ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի և վատ կլինի իշխանության համար:
«Կամ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի: Այսօր Րաֆֆին պիտի դնի կոնկրետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ»,- ասաց նա: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ըստ Արամ Հարությունյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր պահանջել քաղաքական ուժերի և ժողովրդի հետ համատեղ, քանի որ Սերժ Սարգսյանի նկատմամբ այսքան հակակրանք ժողովուրդը երբեք չի ունեցել, նույնիսկ 96-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:
«Այն տոնով, որ Սերժ Սարգսյանը խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ցույց է տալիս, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել: Եթե պայմանավորվածություն չլիներ Րաֆֆիի և Սերժի միջև, Րաֆֆին չէր գնա Սերժի հետ հանդիպման: Այն, որ Րաֆֆիի ապացույցների բազան թույլ է, նույնպես խոսում է պայմանավորվածության մասին»,- ասաց նա: