29 մարտի 2013 - 16:02 AMT
Իշխանությունները ստիպված կլինեն պաշտպանել տեղի արտադրողին, եթե Carrefour-ը գա Հայաստան

Հայաստանյան շուկա Carrefour հայտնի ֆրանսիական hիպերմարկետների ցանցի մուտքի վերաբերյալ քննարկումներն ու գուշակությունները շարունակվում են: Օլիգոպոլիաներով ու մենաշնորհներով աչքի ընկնող Հայաստանի էկոնոմիկան չափազանց վախկոտ է, Carrefour-ն ընդունելու համար, մարտի 29-ին Երևանում հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, դա, առաջին հերթին, վկայում է այն մասին, որ հայկական շուկան անմրցունակ է, բայց արժե «մեր մենաշնորհատերերին փոխանցել Քարֆուրի ձեռքը» որպեսզի նրանք իրենց վրա զգան մրցակցությունը: Մյուս կողմից հիպերմարկետի մուտքը սրում է տեղական արտադրողին պաշտպանելու հարցը:

Փորձագետի հետ այդ հարցում համամիտ էր «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, որը հայտարարեց, որ «օրենքները երկրում չեն աշխատում»:

Իսկ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանի բնակչությունը սովոր է տեղական արտադրանքին, լավ ծանոթ դրան և նախապատվությունը տեղական արտադրանքին է տալիս, «քանի որ այն ավելի է համապատասխանում մեր օրգանիզմին»: Մեկ բան ակնհայտ է. տեղական արտադրողը կձգտի ավելի որակյալ արտադրանքի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: «Հնարավոր է, կգա այնպիսի ժամանակ, երբ Քարֆուրն իր ցանցի միջոցով կարտահանի նաև մեր արտադրանքը»,-ասել է Սաֆարյանը:

Ամեն դեպքում Carrefour-ն արդեն Հայաստանում է ու աշխատում է շուկա մտնելու ուղղությամբ, հնարավոր է, մինչև տարեվերջ ավելի որոշակի տեղեկություններ լինեն, հավաստիացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը: Հիպերմարկետի մուտքի համար պետկառույցը ոչ մի խոչընդոտ չի տեսնում, իսկ երկրի իշխանությունները պատրաստ են աջակցել խոշոր ներդրողին, քանի որ նրա մուտքը կատիվացնի շուկան, նոր որակյալ սպասարկման ծառայություններ կներմուծվեն և այլն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տարակուսում է, թե ինչու է Carrefour-ի մուտքը Հայաստան քաղաքականացվում, չէ որ օրենսդրությունը չի արգելում բիզնեսի մուտքը երկիր: «Նոր խաղացող կհայտնվի, բնական է, դա որոշակի անհանգստություն է առաջացնում շուկայում»,-ասել է նա: Պատգամավորը միայն դրական է գնահատում այն, որ նման հսկան հետաքրքվում է Հայաստանով:

Անդրադառնալով Carrefour-ի մուտքի օրենսդրական մասին՝ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ հայկական շուկայում ընդունելի է իշխող դիրք ունեցող ընկերությունների ներկայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն կոչված է հետևելու, որ դրանք չչարաշահեն իր դիրքը: Այնպես որ այս առումով կարելի է հանգիստ լինել ու չվախենալ շուկայի կենտրոնացումից:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ռուսաստանցի գործարար ու «Dalma Garden Mall» սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է Carrefour-ի հետ իր պայմանագիրը, և որ այդ որոշման վրա ազդել են Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին կարող է խանգարել Քարֆուրի մուտքը: Տառացիորեն նախօրեին չհաստատված տեղեկություն է տարածվել, որ Ալեքսանյանը մտադիր է Քարֆուրին վաճառել իր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Քարֆուր ցանցը մուտք գործի հայկական շուկա, քանի որ Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեկնաբանելով ասեկոսեները Քարֆուրի հետ Սամվել Կարապետյանի պայմանագրի խզման մասին, Սարգսյանն ասաց, որ ըստ ընկերության ներկայացուցիչների, կողմերը ոչ թե պայմանագիր էին կնքել, այլ մտադրությունների հուշագիր, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել:

Միաժամանակ «Ժողովուրդ» թերթը հայտնել է, որ Քարֆուրի հայկական ներկայացուցչության գլխավոր տնօրեն Վաչե Արսենը հերքել է լուրերն այն մասին, որ որոշակի շերտերի ճնշման ներքո ընկերությունը հրաժարվել է ներկայացուցչություն բացել երկրում: «Մենք արդեն այստեղ ենք, Հայաստանում»,-ասել է գլխավոր տնօրենը: Նա հավաստիացրել է, որ Քարֆուրը կգործի Հայաստանում, թեև բացման ժամկետները դեռ հայտնի չեն: Թերթը հայտնում է, որ առևտրի կենտրոնն արդեն աշխատակիցներ է հավաքում: