
Մարտի 20-ին՝ իրանական ժողովուրդների Ամանորի՝ Նովրուզի նախօրեին 1-ին անգամ հեռարձակվել է «Թալիշիստանի ձայն AM-9977» ռադիոկայանն ու արդեն 10-րդ օրն է, ինչ այն գործարկվում է: Պատմության մեջ 1-ին անգամ Շուշիում ստեղծվել է ռադիոկայան, որը կհեռարձակի հաղորդումները թալիշերենով և կլուսաբանի հիմնականում մշակութային նորություններ, իսկ ստղծել են Իրանագիտության կովկասյան կենտրոնը և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա և ռադիոկայանի աշխատակազմից ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ, քրդագետ Գառնիկ Ասատրյանն այսօր ասուլիսի ժամանակ միաձայն հայտարարեցին, որ թալիշական ռադիոն քաղաքական խնդիրներին չի անդրադառնալու, չկա որևէ պետական աջակցություն և ռադիոկայանի խմբագրակազմը աշխատում է առանց հոնորարի:
««Թալիշիստանի ձայն» ռադիոհաղորդումների շարքը սկսվում է ամեն օր ժամը 19-ին և տևում մեկ ժամ և կրկնվում հաջորդ օրը առավոտյան: Հաղորդումերի ամփոփումը հիմնականում 15 րոպե տևողությամբ տրվում է ադրբեջաներենով: Հիմնականում հաղորդումները պարունակում են մշակութային նյութեր, անդրադառնում ենք թալիշների լեզվին և իրենց հուզող բազմաթիվ խնդիրների»,- ասել է Գառնիկ Ասատրյանը:
Իսկ Արա Պապյանն ընդգծել է, որ ցանկացած պետության և ազգի համար խիստ ցանկալի է բարեկամական հարաբերություն ունենալ ոչ միայն հարևան պետությունների, այլ նաև հարևան ժողովուրդների հետ: «Ըստ տարբեր գիտնականների 1-ից մինչև 3 մլն թալիշ է ապրում Իրանում ու Ադրբեջանում և, բնականաբար, նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունենալը բխում է մեր շահերից»,– նշել է քաղաքագետն ու բացատրել, որ. «Ռադիոհաղորդումները կարևոր են նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Թալիշները, հատկապես Ադրբեջանի մեջ եղել ու մնում են՝ որպես ճնշված ժողովուրդ, իսկ հայ ժողովուրդը, որը հարյուրամյակներ ապրել է այլ ժողովուրդների մեջ ու այլ երկրներում, պետք է աջակցի տարածաշրջանային բոլոր պետականազուրկ ժողովուրդներին»:
Ռադիոկայանի հաղորդումները պատրաստում են ինչպես ԵՊՀ-ի թալիշագիտության ամբիոնի ասպիրանտները, մասնագետները, այնպես էլ հենց թալիշներ, ովքեր պարբերաբար տեղեկատվական նյութեր են ուղարկում ռադիոկայանի աշխատակազմին: Ռադիոկայանը արդեն մեծ լսարան ունի և այն հաղորդումները, որոնք տեղ են գտնում youtube-յան էջում ունենում են մի քանի հազար դիտում: