29 մարտի 2013 - 16:45 AMT
Կայացել է սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Մարտի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց: ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2012թ. և 2013թ. հունվար-փետրվար ամիսների (14 ամիս) աշխատանքային գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլլեկրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ.Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ նախորդ տարիների համեմատ ավելացել է թերթի այցելուների թիվը: Կատարվել են տեխնիկական և բովանդակային փոփոխություններ: Իսկ հատուկ «Հայերն այսօր»-ի համար Սփյուռքի թղթակիցներից ստացված նյութերը ընդհանուր լրատվության 6-7 տոկոսն են կազմում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Անելիքներ էլ շատ կան: «Թերթը պետք է Սփյուռքի համար դառնա մեր գործունեության հայելին: Այն պետք է ճանաչված լինի Սփյուռքում». նշեց նախարարը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց հաշվետվություն` 2009-2012թթ. «Աջակցություն համայնքներին` Սփյուռքի հանրակրթական հաստատություններին և մեկօրյա դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, համայնքային կազմակերպություններին ՀՀ խորհրդանշաններով ապահովման կազմակերպում» առաքման ծրագրի կատարման մասին: «Սփյուռքի դպրոցներին դասագրքերով, համայնքներին խորհրդանշաններով ապահովելու ծրագիրն իրականացվել է 100 տոկոսով, բայց Սփյուռքի պահանջն ավելի մեծ է: Ուղարկում ենք նախ այն գրքերը, որ իրենք են ուզում, հետո նաև` լրացուցիչ գրականություն», նշեց զեկուցողը:

Սփյուռքահայերի (սիրիահայերի և իրաքահայերի) Հայաստանի Հանրապետությունում ինտեգրման 2013 թվականի ծրագրի քննարկման մասին զեկույցով հանդես եկավ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ.Ստեփանյանը: Նիստի ավարտին ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրեց վարչության հաշվետվությունը ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ: