
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրել է կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։ Այնուհետև կոլեգիան քննարկել է հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու հոգեկան առողջության պահպանման և բարելավման հայեցակարգը։ Ներկայացնելով այս ծառայության կառուցվածքն ու հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը շեշտել է, որ հոգեբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը մեր երկրում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Բանախոսն անդրադարձել է վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքներին, ներկայացրել խնդիրներն ու անելիքները:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները: Նշվել է, որ հայեցակարգի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ Ժոլթ Բուգարզկին: Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն ու հրավիրվածներն ընդգծեցին խնդրի արդիականությունը: Կարևորվել է, որ հարցին համակողմանի մոտեցում է ցուցաբերվել և ռազմավարության մեջ ընդգրկվել են տարբեր ոլորտների մասնագիտական տեսակետները:
Նախարար Դումանյանը հավանության է արժանացրել խնամքի գործառույթներն ընտանիքի կամ հարազատների վրա դնելու գաղափարը` ընդգծելով այդ հիվանդների համար ընտանեկան մթնոլորտի կարևորությունը: Միաժամանակ առաջարկել է մշակել հստակ չափորոշիչներ, որոնցով կտարանջատվեն խնամքի կարիք ունեցողները:
Քննարկվել են նաև ոլորտը բժշկական կադրերով ապահովելու, նրանց վերապատրաստելու, ինչպես նաև կլինիկական հոգեբաններ պատրաստելու և այլ հարցեր: «Այս քննարկումները վկայում են, որ հոգեբուժական ծառայության բարելավման ռազմավարության մշակումը, իրոք, կարևոր և արդիական է: Լուրջ անելիքներ ունենք նյութատեխնիկական, շենքային, կադրային, ֆինանսական և այլ ուղղություններով: Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը և մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածել ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր ևս ունենք: Պետք է վերանայել հոգեբուժության կառավարման ներկայիս համակարգը: Աշխատանքներ ենք տանում, որ դեղերի գնումների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին 100 տոկոսի մոտեցնենք հոգեմետ դեղերի տրամադրումը: Լուրջ անելիքներ կան դատահոգեբուժական փորձաքննությունների ասպարեզում», -ամփոփելով նիստն ասել է Դերենիկ Դումանյանը: Նախարարը հանձնարարել է, որ կոլեգիայի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն առաջարկներ ներկայացնեն քննարկված հարցի առթիվ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱՆ լրատվական բաժնից: