29 մարտի 2013 - 21:04 AMT
Իսկ դու ինչի պիտի ջուր ունենաս, ես` գնամ-բերեմ. Սա լսելուն պես հարևանուհին հարձակվել է 70-ամյա կնոջ վրա

Քիչ առաջ PanARMENIAN.Net-ի խմբագրություն է զանգահարել քաղաքացի Արմինե Դավթյանն ու տեղեկացրել, որ 28 տարեկան հարևանուհին ծեծել է իր 70-ամյա մորը:

«Մայրս` Սվետա Դավթյանը, բնակվում է Մասիսի շրջանի Խաչփառ գյուղում, թիվ 19 վագոն-տնակում: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում սողանքի պատճառով իր տունը կորցրել է ու հիմա ինձ կամ քրոջս հետ է բնակվում` վերջին օրերին `քրոջս: Խաչփառի գյուղապետարանի ֆինանսավորմաբ քրոջս թաղամասում ջուր են քաշել: Ամբողջ թաղամասում, բացի նրա վագոն-տնակից: Քույրս լրագրողներ է հրավիրել, փորձել այդ կերպ լուծել խնդիրը: Գյուղապետը եկել, հայտարարել է, թե կլուծի խնդիրը, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել: Քույրս, սա տեսնելով, այսօր էլ է լրագրողների հրավիրել: Նրանց գնալուց հետո մայրս դուրս է եկել տնից, որ ջրի գնա: Նրա հետևից հարևանուհին է դուրս եկել ու գոռգոռացել, թե ինչ իրավունքով են լրագրողներ կանչել: Մայրս պատասխանել է.«Իսկ դու ինչի պիտի ջուր ունենա, ես` գնամ-բերեմ»: Սա լսելուն պես հարձակվել է մորս վրա ու սկսել ծեծել: Քույրս ու երեխաները հազիվ են կարողացել մորս փրկել», - պատմեց կինն ու տեղեկացրեց, որ ոստիկաններն այս պահին հարևանուհու փոխարեն մոր ու քրոջ հետ են խոսում:

Նա հույս հայտնեց, որ եթե դեպքի մասին հրապարակվի, գյուղապետի խոստումի պես սա էլ ուղղակի չի անցնի: Ի դեպ խնդրեց անպայման նշել հարևանուհու` Սաթենիկ Ղլեչյանի ամուսնու` Վրեժ Ղլեչյանի անունը, որպեսզի ավելի շատ մարդիկ հասկանան ում մասին խոսքը: