31 հոկտեմբերի 2005 - 18:13 AMT
ՀՀ ԱԳՆ փոխնախարարը շնորհավորեց ԱՄՆ-ին, Բելառուսին, Խորվաթիային եւ Չեխիային` ՍԾՏՀ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ
Հոկտեմբերի 26-28-ը Քիշնեւում կայացել են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպումները, որոնց մասնակցել է Արտգործնախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում, որոնցով եզրափակվեց Մոլդովայի նախագահությունը ՍԾՏՀ կազմակերպությունում, Արտգործնախարարների խորհուրդն ընդունել է Եվրամիության հետ համագործակցության խթանմանը վերաբերող համատեղ հռչակագիր, ուր հատուկ կարեւորություն է տրվում քաղաքական, տնտեսական եւ մշակութային աճող փոխգործակցության մթնոլորտում երկու կազմակերպությունների միջեւ առավել արդյունավետ ու նպատակաուղղված կապեր հաստատելու անհրաժեշտությանը տրանսպորտի, էներգետիկայի, կազմակերպված հանցագործությունների դեմ համատեղ պայքարի, միջսահմանային առեւտրի, սոցիալական եւ բնապահպանական բնագավառներում համատեղ նախագծերի մշակման միջոցով:

Արման Կիրակոսյանը մասնավորապես նշել է, որ չնայած ՍԾՏՀ որոշ անդամ-պետությունների միջեւ առկա տարաձայնություններին` կազմակերպությունը գործնականորեն ապացուցել է բազմակողմ համագործակցության խոշոր ներուժ ունեցող տարածաշրջանում շահութաբեր փոխգործակցության իրատեսությունը: Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ - ԵՄ համագործակցությունը, հատկապես Եվրոպական հարեւանություն քաղաքականության լույսի ներքո, ինչը ԵՄ նոր հարեւան պետություններին հնարավորություն է ընձեռում հաստատելու արտոնյալ հարաբերություններ` խրախուսելով տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային համագործակցությունը: Կարեւորելով Հայաստանի ներուժը տարածաշրջանային համագործակցության խթանման գործընթացում` փոխարտգործնախարարը հատկապես շեշտել է տարանցիկ բեռնափոխադրումների եւ հեռահաղորդակցական ցանց ստեղծելու նպատակով գործող ենթակառույցների վերակենդանացման եւ բարելավման անհրաժեշտությունը: Արման Կիրակոսյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Բելառուսիn, Խորվաթիայիn եւ Չեխիայիn` ՍԾՏՀ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այդ պետություններն իրենց ուրույն ներդրումը կունենան տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական համագործակցության խթանման գործընթացում: ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2006թ. ապրիլին Բուխարեստում: