31 հոկտեմբերի 2005 - 18:32 AMT
Բելգիայի Սենատի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի խորհրդարանում
Այսօր Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ Անն-Մարի Լիզինի այցը նոր խթան կհանդիսանա հայ-բելգիական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման համար: Նշվեց, որ մեր երկիրը ընտրելով զարգացման եվրոպական ճանապարհը, փորձում է արագ տեմպերով ինտեգրվել Եվրոպային, եւ բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը, լրջորեն նպաստում են այդ գործընթացին: Նշվեց նաեւ, որ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների հիմնական մասը վերաբերում են եվրաինտեգրման գործընթացին: Կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանում իրականացվող Եվրամիության բոլոր նախաձեռնություններին: Անդրադառնալով Սահմանադրության բարեփոխումների գործընթացին, Ա.Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ հանրաքվեի դրական ելքը մեր երկրի համար մեծ հնարավորություններ կստեղծի բարեփոխումները շարունակելու եւ լիարժեք իրականացնելու համար: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ Եվրոպական կառույցներում Հայաստան - Բելգիա փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց նաեւ Հայաստան-Բելգիա խորհրդարանական բարեկամության խմբի հետ: Խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքին, եվրաինտեգրման նպատակով մեր երկրի կատարած քայլերին` հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների համագործակցությունն ու փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստեն մեր երկրի որդեգրած քաղաքականության իրականացմանը: Բելգիայի Սենատի նախագահը տեղեկացրեց, որ շուտով Բելգիան կդառնա ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, եւ հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը էլ ավելի ակտիվանա: Հյուրերի խնդրանքով ԱԺ պատգամավոր Մնացական Պետրոսյանը ներկայացրեց սոցիալական եւ առողջապահական ոլորտներում կատարված օրենսդրական աշխատանքները: Երկուստեք կարեւորվեց երկու խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը` հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի ակտիվ շփումների միջոցով: