1 նոյեմբերի 2005 - 17:27 AMT
Ֆինլանդիայի օրենսդրական փորձը կարող է նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ, որը Երեւանում է գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆինական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ: Պարոն Կոսկին գլոբալացվող աշխարհում կարեւորեց միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացումը, որոնք հնարավորություն են տալիս միմյանց աջակցել ու նպաստել բարեկեցության բարձրացմանը: 2006-ին նշվում է Ֆինլանդիայի խորհրդարանի 100-ամյակը եւ պարոն Մարկու Կոսկին Աժ նախագահին հրավիրեց Հելսինկի: Նրա խոսքերով ինքն առաջին անգամ է Հայաստանում եւ նրա գնահատմամբ` Հայաստանում զարգացումները տպավորիչ են, իսկ քաղաքական կայունությունը ներդրումների ու տնտեսական զարգացման լավ հնարավորություններ է ստեղծում երկրի համար: Արթուր Բաղդասարյանն իր հերթին կարեւորեց գործարար համագործակցության զարգացումը եւ նշեց, որ ֆինական օրենսդրական փորձը կարող է օգնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին: