1 նոյեմբերի 2005 - 18:07 AMT
Հայաստանի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը Բելգիայի հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը հայտարարել է.«Նկատի առնելով, որ հաջորդ տարի Բելգիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Հայաստանը շահագրգռված է, որ Բելգիայում շատ ավելի խորը պատկերացում ունենան մեր երկրի եւ տարածաշրջանի վերաբերյալ, մանավանդ որ ԵԱՀԿ-ի գործունեության շրջանակում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը»: Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հաջողված գնահատելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս Բրյուսել կատարած այցը, կողմերը նշել են, որ եվրոպական նոր հարեւանության քաղաքականությունը բացում է Եվրամիության եւ անդամ երկրների հետ համագործակցության նոր հնարավորություններ: Անդրադարձ է եղել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո: