Վերջին տարիներին պարբերաբար առաջացող խնդիրները, կապված ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության հետ, վկայում են, որ ընկերությունը չկարողացավ հաղթահարել 2009թ. ճգնաժամը, ինչպես շատ այլ միջազգային ավիափոխադրողներ: Այդ մասին ապրիլի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: «Ուստի, լիցենզիայի ժամեկտի ավարտին ընկերությունը որոշեց իրեն սնանկ հայտարարել, ինչը պասելի էր»,-ասել է նա:
Այժմ, ըստ պատգամավորի, մնում է հուսալ, որ այն ձեռք կբերի հզոր ու ավելի մեծ ներուժ ունեցող ընկերություն, որը կկարողանա զերծ պահել «Արմավիան» սնանկության հետ կապված հետագա խնդիրներից: Սակայն, դա շատ բարդ հարց է, քանի որ ավիացիոն շուկան Հայաստանում փոքր է և դժվար է գտնել խոշոր ներդրողի:
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի:
«Արմավիա» ավիաընկերությունից տոմսեր գնած քաղաքացիները դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմում-բողոքը գրասենյակի իրավաբանների մոտ է և ուսումնասիրվում է: Դրանից հետո իրենք կկարողանան պարզել որքանով է իրենց իրավասությունների մեջ և կզբաղվեն գործով:
«Արմավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորների գումարները կսկսեն փոխհատուցել ապրիլի 11-ից: