3 ապրիլի 2013 - 16:05 AMT
Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ

Ապրիլի 6-13-ը Տաշքենդում տեղի կունենա ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, նրանք 4 ուսումնամարզական հավաք են անցկացրել և ապրիլի 5-ին կմեկնեն Տաշքենդ:

«Բոլոր մարզիկներն առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, գլխավորը նրանց համար փորձ ձեռք բերելն է, քանի որ առաջիկայում նրանք կհամալրեն կանանց հավաքականը»,-ասաց Ներսիսյանը:

Երիտասարդական ԱԱ կմասնակցեն Ծովինար Կիրակոսյանը (58կգ), Ռոզալիա Ավետիսյանը և Աղունիկ Հակոբյանը (63կգ), Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69կգ), Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը (+69կգ):

Աշխարհի առաջնությունը վարկանշային կլինի և հնարավորություն կտա հանդես գալ նաև պատանեկան Օլիմպիական խաղերում: