Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և գիտության ոլորտներին: Այս համատեքստում նախագահ Սահակյանը չափազանց կարևորել է Ստեփանակերտում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը` այն արժևորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպման մասնակցում էին ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: