5 ապրիլի 2013 - 09:43 AMT
Բնապահպանները երթով կգնան ՀՔԾ և հանցագործության մասին հրապարակային հաղորդում կտան

Այսօր ժամը 13:00-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը Հանրապետության հրապարակից երթով կգնա Հատուկ քննչական ծառայություն` հանցագործության մասին հրապարակային հաղորդում հանձնելու:

Կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է. «2012թ. դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպեց երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն ու Հատուկ քննչական ծառայություն, և հանցագործության մասին հաղորդում թողեց ՀՔԾ փոստարկղում` կապված ERM կազմակերպության զեկույցում տեղ գտած Թեղուտը շահագործող «Վալեքս» ընկերության ապօրինությունների հետ: Թեև 10-օրյա ժամկետում ՀՔԾ-ն պարտավոր էր արձագանքել հաղորդմանը, ոչ միայն չարձագանեց, այլ 2013թ. հունվարին հերքեց, որ նման հաղորդում է ստացել:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը հերքում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին հանցագործության մասին հաղորդում է ստացել, Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը 2013թ. ապրիլի 5-ին նորից է հանձնելու այս հաղորդումը` այս անգամ նախաձեռնության շատ անդամների ձեռքով»: