4 փետրվարի 2003 - 18:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅՏՆԻ ԼԻՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրման վերջնական որոշումը կընդունվի փետրվարի 9-ին: Ինչպես «Դե-ֆակտո» գործակալությանը տեղեկացրել են նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի նախընտրական շտաբում, ներկայումս լարված բանակցություններ են ընթանում, որոնք համակարգում է 16 ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանը: Համաձայն աղբյուրի, միասնական թեկնածուն պետք է գլխավորի ընդդիմության ներկայացուցիչների կողմից ստեղծված Ազգային անվտանգության խորհուրդը: Միեւնույն ժամանակ, չի բացառվում համագործակցությունը պետապարատի այն ներկայացուցիչների հետ, որոնք կաջակցեն միասնական թեկնածուի ծրագրին: «Ընդդիմությունը չի ձգտում հեղաշրջումների եւ փորձարկումների: Հայաստանը դեռեւս շատ չլուծված հարցեր ունի, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Մենք գտնում ենք, որ այդ հարցը հնարավոր է լուծել միայն հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբման դեպքում»,- նշել են նախընտրական շտաբում: