
Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակն ամբողջությամբ Ադրբեջանի ներքաղաքական դաշտին առնչվող խնդիր է, կարծում է, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ իրականում Ադրբեջանը հայտնվել է մի այնպիսի քաղաքական իրավիճակում, որ նույնիսկ կարող է ծայրահեղ գործողությունների գնալ:
Իսկ ծայրահեղ քաղաքականության դիմելու հավանականությունը Արտակ Զաքարյանը կապում է մի քանի հանգամանքների հետ` նախագահական ընտրություններ, միջազգային հարաբերությունների ակտիվ և որոշակիորեն ճնշող ազդեցություն ներքաղաքական զարգացումների վրա, հասարակական անհանդուրժող դիմադրություն, ինչին Ադրբեջանը սովոր չէ: Այս ամենին գումարվում է Արցախյան բանակցային գործընթացում իր համար ցանկալի արդյունքների հեռանկարը չունենալը:
«Ադրբեջանը բոլոր տեսակի քաղաքական գործընթացների մեջ կարող է մտնել, միայն թե այս փակուղային վիճակից դուրս գա: Այսօր Ադրբեջանը տեղում դոփում է և հասկանում, որ դա կարող է ներքին պայթյուն առաջացնել: Եվրոպական հարթակներում, Արևելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանը դիտարկվում է որպես վերջին երկիր՝ բոլոր առումներով»,- ասաց Արտակ Զաքարյանը: