5 ապրիլի 2013 - 16:00 AMT
Առաջին ծիրանենին է տնկվել հայկական ծիրանենու կոլեկցիոն այգում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մասնակցել և առաջին ծիրանենին է տնկել «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքի վրա ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ հիմնած նոր այգում հետագա օգտագործման համար կպահպանվեն ծիրանենու 82 նույնականացված սորտեր:

Ներկայացնելով ծրագրի կարևորությունը մեր հանրապետության գյուղատնտեսության համար, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ վերջինիս իրականացումը ծիրանենու գենետիկ ռեսուրսները հավաքելուց ու պահպանելուց բացի, կխթանի և կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը երկրում:

«Ծիրանենին, գյուղատնտեսության համար ունի կարևոր դերն ու նշանակություն ունի, քանի որ վերջինիս պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող և արտահանող կազմակերպությունների, այնպես էլ երկրի բնակչության համար: Տարեցտարի ավելանում են ծիրանենու այգետարածքներն ու դրա հետ էլ` վերջինիս արտադրությունը: Հանրապետության ծիրանենու այգիները, որոնք ներկայումս շուրջ 10 հազար հեկտար են, առաջիկայում ավելանալու միտում ունեն»,- ասել է նա` շեշտելով, որ կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաև` արտադրողների առջև: Ցուցադրական այգիներում լայնորեն կներկայացվի նոր ագրոտեխնիկայի կիրառումը և կկազմակերպվեն դասընթացներ մեր ֆերմերների համար: Արտադրական նշանակությունից զատ նշված այգիները կօժանդակեն նաև զբոսաշրջության խթանմանը, մանավանդ, որ մինչև ս.թ. հուլիս ամիսը նախատեսված է հիմնել ևս նմանատիպ հինգ այգիներ:

Հիմնարկեքի մասնակիցների կողմից առաջարկվել է դրանց տարածքը ներառել պետության կողմից պահպանվող հատուկ տարածքների ցանկում: