5 ապրիլի 2013 - 17:49 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կաթոլիկ ուխտավորների

Ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Հայր Քրիստիան Դամեռոնի, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Հանդիպման սկզբում Հայր Դամեռոնն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում գտնվելու կապակցությամբ, ապա տեղեկացրեց, որ խումբն այցելել է Հայաստան` Հայ Եկեղեցուն ու հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը` ողջունելով Քույր Եկեղեցու հավատավոր զավակների այցը Հայաստան: Նորին Սրբությունն ուխտավորներին համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հակառակ պատմության ընթացքում կրած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, այսօր էլ շարունակում է իր ծառայությունը բերել հավատավոր հայ ժողովրդին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև կրթադաստիարակչական և սոցիալական ոլորտներում Եկեղեցու կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը: