7 նոյեմբերի 2005 - 17:40 AMT
Ադրբեջանում կայացած ընտրությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, գտնում են դիտորդները
«Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեցին ԵԱՀԿ մի շարք պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման Եվրոպայի Խորհրդի չափանիշներին», - ասվում է միջազգային դիտորդական առաքելության` այսօր Բաքվում հրապարակված նախնական եզրակացությունում: Եզրակացության մեջ ասվում է, որ չնայած մի շարք հարցերում նախընտրական շրջանում գրանցված առաջընթացին, «անորոշությունն ակնհայտ էր ընտրական գործընթացի այնպիսի առանցքային տարրերում, ինչպիսիք են ընտրողների գրանցումը եւ ժողովների ազատության շարունակվող արգելքները»: «Քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ էր, սակայն ընտրությունների օրը իրավիճակը վատթարացավ ձայների հաշվարկման ընթացքում», - ասվում է եզրակացությունում: 42 երկրներ ներկայացնող 665 դիտորդներն այցելել են Ադրբեջանի ընտրատարածքների կեսից ավելին: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, ամերիկացի կոնգրեսական Էլսի Հասթինգսը նշել է, որ ստիպված է «ցավով հայտնել այն մասին, որ նախընտրական շրջանում գրանցված առաջընթացը խաթարվեց ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած էական թերությունների պատճառով»,հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: