
Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության և կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ nախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խոսեց Հայաստանի զարգացման ծրագրերում hիմնադրամի ունեցած դերակատարման մասին և նշեց, որ ՀՀ նախագահը և կառավարությունը մեծապես կարևորում են հայ ազգային գիտական ներուժի, նորամուծությունների օգտագործումը, որոնք կարող են Հայաստանը մղել դեպի տնտեսական, գիտական և կրթական բարձր մակարդակներ՝ նոր թափ հաղորդելով երկրի կայուն զարգացմանը:
Դեսպանը նաև անդրադարձավ տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հայ գիտնականների ու համաշխարհային հանրահայտ կենտրոնների միջև ծավալված համագործակցությանն ու նշեց, որ այդ գործընթացի, ինչպես նաև միջազգային գիտական այլ փոխանակումների հաջողության գրավականներից է պրոֆեսոր Թերզյանի և հիմնադրամի մյուս նվիրյալ անդամների ու իրենց հայաստանաբնակ գործընկերների միջև գիտական հարցերի շուրջ երկխոսության, ինչպես նաև դրամաշնորհների ու մրցույթների միջոցով երիտասարդ գիտնականների և հետազոտողների համար խրախուսման և աջակցության ծրագրերի շարունակականությունը:
Երեկոյին ներկա էին ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կարնեգի կորպորացիայի նախագահ՝ Վարդան Գրիգորյանը, Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ պրոֆ. Լևոն Չոբանյանը, «Տավիտյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտյանը, հայ և օտար գիտնականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Գիտության և կրթության հայ ազգային հիմնադրամը (The Armenian National Science and Education Fund) գործում է Նյու Յորքում՝ Հայ օգնության հիմնադրամի հովանու ներքո: Հւմնադրամը ֆինանսական և նյութական միջոցների տրամադրման ճանապարհով նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և ակադեմիական աշխատանքներին, խրախուսում գիտական և ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը՝ հայ և օտար գիտնականների միջև համագործակցության և միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով: