9 ապրիլի 2013 - 14:52 AMT
Կառավարությունը հրաժարական տվեց. Նախագահն ընդունեց այն

Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը:

Նա նախ շնորհավորեց Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու համար: «Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր Ձեզ հետ աշխատել: Այս տարիների ընթացքում մեր թիմը փորձել է լիարժեք իրականացնել մեր առաջ դրված խնդիրները: Իհարկե, մենք ունեցել ենք նաև բացթողումներ»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է.

«Ձեր փորձն ու գիտելիքները, Ձեր մարդկային արժանիքներն այն երաշխիքներն են, որ մեզ հույս են տվել՝ մեր պետությունը զարգանալու է»,- ասաց ՀՀ վարչապետը և նախագահին ներկայացրեց կառավարության հրաժարականի դիմումը:

Սերժ Սարգսյանն ընդունեց հրաժարականը և շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նա համոզմունք հայտնեց, որ այդ աշխատանքը եղել է արդյունավետ:

«Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի զգալի հատված դժգոհ է մեր գործունեությունից, բայց մարդիկ ոչ թե մարդկանցից են դժգոհ, այլ իրավիճակից: Դուք աշխատել եք բարդ պայմաններում, դիմակայել եք մարտահրավերներին: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք, վստահ եմ, ծառայելու եք հայ ժողովրդին ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Վստահ եմ, որ նոր կառավարությունը՝ շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, կկատարի իր առջև դրված խնդիրները»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը հրամանագիր ստորագրեց, որով որոշեց ընդունել կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության նշանակումը: