9 ապրիլի 2013 - 17:45 AMT
Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը Է. Նալբանդյանին է ներկայացրել վերջին զարգացումները Սիրիայում

Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը դա Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսությունն է և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում: