14 նոյեմբերի 2005 - 14:09 AMT
Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Իրան-Հայաստան գազատարի շինարարական աշխատանքների ընթացքին
Նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Ա. Թումանյանին ուղեկցում են ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւ Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Նախքան Իրան հասնելը Ա. Թումանյանը պատվիրակության անդամների հետ Սյունիքի մարզում այցելել է Իրան-Հայաստան կառուցվող գազատարի շինհրապարակ, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների եւ նախագծողների հետ: Այնուհետեւ պատվիրակության անդամները Մեղրիի մաքսակետում ծանոթացել են վերջին օրերին տեխնիկական եւ սպասարկման ոլորտներում տեղի ունեցած փոփոխություններին: Ա. Թումանյանը գոհունակությամբ է նշել մաքսակետի աշխատանքներում դրական փոփոխությունները եւ հանձնարարել Հայաստանի հարավային սահմանում գտնվող տարբեր գերատեսչությունների պատասխանատուներին բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան այցելող զբոսաշրջիկների եւ բեռնափոխադրումներ իրականացնողների սպասարկումը: Նույն օրը պատվիրակությունը հատել է հայ-իրանական սահմանը եւ Նորադուզում ծանոթացել իրանական կողմի նմանատիպ ծառայությունների աշխատանքներին:

Ա. Թումանյանն այցելել է նաեւ Ջուլֆայի գավառի «Արազ» առեւտրատնտեսական ազատ գոտի, որտեղ քննարկվել են ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Այցելության ընթացքում ՀՀ պատվիրակությանը ներկայացվել է «ԱՄԻԿՕ» ընկերության ծանր եւ թեթեւ բեռնատարների արտադրությանը: Նոյեմբերի 12-ին Թավրիզում Արտաշես Թումանյանը հանդիպել է Արեւելյան Ատրպատական նահանգի նորանշանակ նահանգապետի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Բարձր են գնահատվել Արեւելյան Ատրպատական նահանգի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունները, որը զգալի մաս է կազմում Հայաստան-Իրան առեւտրատնտեսական կապերում: Ա. Թումանյանը նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խթանման գործում լուրջ նշանակություն կարող է ունենալ միջմարզային համագործակցությունը գյուղատնտեսության, սահմանային առեւտրի, զբոսաշրջության, ինչպես նաեւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման բնագավառներում: Այնուհետեւ Ա. Թումանյանը եւ պատվիրակության անդամները փոխնահանգապետի ուղեկցությամբ այցելել են գազատարի շինարարության իրանական հատվածը (113կմ երկարությամբ) եւ տեղում ծանոթացել իրականցվող աշխատանքներին: Գազատարի իրանական հատվածը կառուցող կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայկական պատվիրակությանն է ներկայացվել շինարարության ընթացքը: Պատվիրակության անդամները այցելել են Ջուլֆայի մոտ գտնվող հայկական պատմամշակութային գոհարներից համարվող Ս. Ստեփանոս վանքային համալիր, իչպես նաեւ հանդիպել են Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Նշան ծայրագույն վարդապետ Թոփուզյանի հետ: Նոյեմբերի 12-ին երեկոյան պատվիրակությունը մեկնել է Թեհրան, որտեղ նոյեմբերի 13-ից նախատեսվում է Ա. Թումանյանի հանդիպումները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ կառավարության անդամների հետ: