3 փետրվարի 2003 - 21:55 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿՓԱԿՎԻ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հայկական ատոմային էլեկտրակայանը կփակվի միայն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների առկայության դեպքում: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշել է, որ Եվրամիության ավելի վաղ հնչած պահանջները ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ չեն կարող իրագործվել մինչեւ 2004 թվականը: «ԵՄ-ի պահանջը կընդունվի, երբ կհայտնվեն տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ այլընտրանքային հզորությունների ստեղծման համար»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, երկու աղբյուրների արտադրության ծավալը եւ սակագինը միանգամայն համարժեք պետք է լինեն: Այդ կապակցությամբ Ա. Մովսիսյանը ընդգծել է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի կարող այլընտրանք հանդիսանալ ՀԱԷԿ-ի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան շատ ավելի թանկ է: Նշենք, որ Եվրամիությունը ժամանակին պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին ՀԱԷԿ-ի անվտանգությունը ապահովելու համար: Սակայն, ՀՀ էներգետիկայի նախարարի խոսքերով այդ միջոցները բավարար չեն այլընտրանքային հզորություններ ստեղծելու համար: