
Ադրբեջանում ևս մեկ քաղաքացիական անձ է մահացել ականի պայթյունից: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական ոստիկանության Ղազախի շրջանի բաժանմունքի վրա հղումով: Դա տեղի է ունեցել Խանլիղլար գյուղում ադրբեջանա-հայկական սահմանի մոտ: Խանլիղլար գյուղի բնակիչ Ադիլ Վելիևը (ծնված 1990թ.) մահացել է ականի պայթյունից չեզոք գոտու անտառում: Սակայն գյուղի բնակիչները չեն կարողացել տեղափոխել նրա դին:
Այժմ դեպքի վայրում են գտնվում ՄԿԽԿ ներկայացուցիչները: «Այս իրավիճակում ՄԿԽԿ համագործակցում է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի հետ: Ըստ կարգի, Ադրբեջանի ՄԿԽԿ ներկայացուցիչը դիմում է հակառակ կողմի ներկայացուցչությանը: Վերջիններս բանակցում են կառավարության հետ, որպեսզի հրադադար պահպանվի և մահացածի դին հնարավոր լինի տեղափոխել այդ տարածքից»: Ինչպես «ԱՊԱ»-ին է հայտնել Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, դին դուրս է բերվել այդ տարածքից որոշ ժամանակ առաջ:
Ապրիլի 2-ին նույն գյուղի բնակիչ Սաբիր Քերիմովը նույնպես մահացավ ականի պայթյունից: