
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի և Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետևանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ Երևանի քաղաքապետից են ստացել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ քաղաքապետը նաև հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն և բարեկեցություն մաղթել ընտանիքներին:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ - կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաև էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: