15 ապրիլի 2013 - 19:54 AMT
Կորեայի դեսպանության խորհրդականը հիացած է Կորեայի մշակույթի և լեզվի մասին հայերի գիտելիքներով

Այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը նշեց, որ հիացած է Կորեայի մշակույթի և լեզվի մասին հայ փորձագետների գիտելիքներով, ինչպես նաև հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովից կհեռանան Կորեայի մասին առավել խորը գիտելիքներով: Նա անդրադարձ կատարեց նաև հայ-կորեական տարեկան առևտրային շրջանառությանը, հայ-կորեական համատեղ կազմակերպված կամ որևէ կողմից մասնակցություն ցուցաբերած միջոցառումներին:

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետ Տիգրան Սահակյանն իր ելույթում կարևորեց «սոցիալական գործընկրության եռանկյունու մեջ կրթության դերը»` մասնավորապես կորեերենի և կորեական մշակույթի դասավանդումը հայ-կորեական հարաբերությունների խորացման գործում:

ԵՊԼՀ հանրային կապերիբաժնից հայտնում են, որ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպել էին Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: