
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի են ունեցել «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ և օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի - ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների և ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձևավորմանը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը հասարակությանը ծառայություններ մատուցող, բնակչության անդորրն ու անվտանգությունը, հասարակական կարգը պահպանող անվտանգության այն մարմինն է, որն ամենաշատն է շփվում քաղաքացիների հետ, և նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը որոշ առումով պայմանավորում է նաև հասարակություն-պետություն փոխհարաբերությունը: Հանձնաժողովի նախագահը արձանագրել է, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաև ՀՀ գերակա խնդիրներից է դարձել: Կորյուն Նահապետյանը Հայաստանի ոստիկանության 95-ամյակի և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է ոստիկանության ծառայողներին: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երևանյան գրասենյակին ու ներկաներին հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու և ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Օրենսդրական բնույթի բարեփոխումներից նա առանձնացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակը օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Մասնավորապես նա անդրադարձել է ուժի գործադրման հիմքերի հստակեցմանը, ոստիկանության սպառազինման գաղտնազերծմանն ու հատուկ միջոցների ներառմանը, ծառայողի տարբերանշաններ կրելու պարտավորությունների ամրագրմանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատել է, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության և իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության և քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պետք է գտնել ոստիկանության հանդեպ անվստահության ամենախորքային պատճառները և կատարել անհրաժեշտ բարեփոխումներ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրել է, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, և իրենք պետական մարմինների ու ՀԿ-ների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում: Նա կարևորել է նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման և հանրային կարծիքի ձևավորման աշխատանքներին: ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը լսումների մասնակիցներին ծանոթացրել է ոստիկանների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու Ռումինիայի փորձին: Նա տեղեկացրել է, որ Ռումինիայում բարեփոխումները կատարվել են նախ համակարգի ներսում, ապառազմականացվել է ոստիկանությունը, ինչը հանրային վստահության բարձրացման առաջին լուրջ ազդակն է դարձել, թեև դրա համար երկար ժամանակ ու հետևողական ջանքեր են պահանջվել: