22 նոյեմբերի 2005 - 17:52 AMT
Սլովենիան պատրաստ է կիսել Հայաստանի հետ եվրաինտեգրման իր փորձը
Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Անհատական գործողությունների ծրագրի իրականացման հարցում: Սլովենիայի նախագահն ասել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը պետք է դյուրացնի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Նա նշել է, որ այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Սլովենիայի հնարավոր աջակցության կոնկրետ ուղղությունները` արդարադատություն, գյուղատնտեսություն եւ այլն: «Մենք պատրաստ ենք Հայաստանին հաղորդել Եվրոպական Միությանն ինտեգրվելու գործընթացի ընթացքում կուտակած մեր փորձը», - հայտարարել է Յանեշ Դռնովշեկը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: