17 ապրիլի 2013 - 18:58 AMT
Այսօր հեմոֆիլիայի միջազգային օրն է. Հայաստանում հաշվառված է 236 հիվանդ

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր: Բազմաթիվ երկրներում այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանման նպատակով: Այս տարին նշանավորվում է նրանով, որ լրանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կազմավորման 50 տարին: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, 2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։ Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման ուղղությամբ զգալի աշխանաքներ են իրականացվել.արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունք, ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիր, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների Ռեգիստր, արտերկրներում վերապատրաստվել են մասնագետներ` արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:

Արդյունքում Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում զգալիորեն բարձրացել է ինչպես հիվանդության ախտորոշման մակարդակը, այնպես էլ` բուժօգնության որակը։ Կենտրոնում ներդրվել են բուժման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է հիվանդների կյանքի որակը, մահացության դեպքեր չեն գրանցվել: ՀՀ-ում հաշվառված է 236 հիվանդը բուժվում է պետական պատվերի շրջանակներում, անվճար ստանում արյան բաղադրամասեր:

Կենտրոնին աջակցում են նաև Հեմեֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան և ԱՄՆ Միննեսոտայի նահանգի Մինեապոլիսի Տրոմբոզների և հեմոֆիլիայի կենտրոնը, ՀՀՖ-ի Անգլիայի Կոագուլոպաթիաների ախտորոշման Ռեֆ‎երենս լաբորատորիան, Ռուսաստանի` Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հեմոֆիլիայի կենտրոնները, Իտալիայի հազվադեպ հիվանդություների կենտրոնը, ինչպես նաև հարևան երկրների մասնագիտացված կենտրոնները: