Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. շինարարության ոլորտը դուրս է եկել զրոյական մակարդակի վրա: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ սկսած 2009 թ.-ից տնտեսության մեջ հիմնական անկումը՝ 43 տոկոս, արձանագրվել է հենց շինարարության ոլորտում: «Հետագա տարիների ընթացքում էլ շինարարությունը տնտեսության հիմնական զսպող ուժն էր: Վերջապես, 2012-ին հասել ենք զրոյական մակարդակի: Ակնկալում ենք, որ 2013 թ. շինարարությունը կսկսի վերականագնվել և ապահովել տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները բավականին բարվոք են. բյուջետային դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը, ինֆլյացիան գտնվել է ծրագրավորված ցուցանիշի՝ 4 տոկոսի շրջանակում, իսկ արտաքին պարտքը կազմել է 37 տոկոս, որը նույնպես արտաքին պարտքի թույլատրելի շեմի շրջանակներում է:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը և հիշեցրել, որ Համաշխարհային բանկի Doing Business 2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և աշխարհի 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները լինելու են շարունակական:
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական, առողջապահական, տեսչական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու ծրագրերին: Խորհուրդը քննարկել և հաստատել է 2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունը, անդրադարձել ՀԱՄՀ ապագա ծրագրերին, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: