
Ապրիլի 20-ին հունգարական Սեգեդ քաղաքի տաճարի այգում բացել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան։ Բացման արարողությունը կատարել է Բարի կամքի դեսպան Լևոն Սարգսյանը։
«Մեր երկրների միջև ծանր պահեր են եղել, բայց, հուսով ենք, դրանք կմոռացվեն։ Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունները խզվել են, բայց մենք ընդհանուր պատմության հարյուրավոր տարիներ ունենք», - ասել է նա։
Լևոն Սարգսյանը նաև նշել է, որ հայերի համար չափազանց կարևոր են 1915 թ․-ը հիշատակող միջոցառումները։ «Մենք պետք է հիշենք 1,5 մլն զոհերի մասին ու պայքարենք, որ դա այլևս չկրկնվի», - ասել է նա։
Արտաքին գործերի նախարար Յաշոն Մարթոնին չի կարողացել անձամբ ներկա գտնվել հուշարձանի բացմանը, բայց նամակ է հղել, որտեղ նշել է հայ ու հունգարացի ազգերի դարավոր բարեկամության ու Հունգարիայի հայ համայնքի դերի մասին։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև կվերականգնվեն ու նշել, որ Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրմանը։ Արարողությունից հետո Ֆերենց Լիստի դահլիճում բացվել է հայոց պատմության ցուցահանդես, գրում է stop.hu-ն։