27 նոյեմբերի 2005 - 22:20 AMT
Արդյունքները ըստ 66 ընտրատեղամասերի.«այո» է ասել ընտրողների 95,1 տոկոսը
Ըստ 66 ընտրատեղամասերից ստացված տվյալների, հանրաքվեին մասնակցած 35 314 ընտրողներից 33 587-ը կամ 95,1 տոկոսը քվեարկել են սահմանադրական փոփոխությունների օգտին: Դեմ է քվեարկել 1412 ընտրող կամ ընտրողների 4 տոկոսը: 306 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների քանակը եղել է 9: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Նրա խոսքերով, քվեարկության ընթացքում ոչ կենտրոնական մարզային հանձնաժողովները, ոչ ԿԸՀ-ն բողոքներ չեն ստացել: Նշենք, որ տեղական ժամանակով 20:00-ին, երբ Հայաստանում ավարտվել է քվեարկությունը, իրենց ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնել է ՀՀ 53 քաղաքացի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Աննա Մկրտչյանը: Մեկ դիմում մերժվել է, քանի որ տուժածը ուղղակի չէր նկատել իր ազգանունը ընտրական ցուցակներում: Երեւանում իրենց ընտրական իրավունքն են վերականգնել 14 քաղաքացիներ: Սյունիքի մարզում` 18, Կոտայքի մարզում` 10, Լոռու մարզում` 9, եւ մեկական մարդ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում:

Հիշեցնենք, որ ԿԸՀ վերջին տվյալներով, Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 մլն 483 հազար 383 մարդ, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցողների 64,4 տոկոսը: Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է շուրջ 418 հազար հոգի` 56 տոկոսը: Արտերկրում այդ ընթացքում քվեարկել է Հայաստանի 18 815 քաղաքացի: