28 նոյեմբերի 2005 - 16:22 AMT
Հայաստանում կայացած հանրաքվեն ընդհանուր առմամբ համապատասխանում էր միջազգային չափանիշներին
Այսօր Երեւանում Եվրոպայի Խորհրդի միջազգային դիտորդները ներկայացրել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իրենց զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Եվրոպայի Խորհրդի դիտորդները ափսոսանքով նշում են այն փաստը, որ իշխանությունները որոշում կայացրեցին կանխել այլ միջազգային դիտորդների մասնակցությունը: Հանրաքվեի թափանցիկության ապահովումը էլ ավելի տուժեց խորհրդարանական ընդդիմության իր ներկայացուցիչներին ընտրական հանձնաժողովներից հետ կանչելու վերաբերյալ ընդունած որոշման պատճառով: Ափսոսանք է առաջացնում նաեւ այն, որ ընտրատեղամասերում քաղաքական բազմակարծությունը չսատարվեց տեղական դիտորդների առավել մեծ մասնակցությամբ: Խորհրդարանական Վեհաժողովի եւ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 16 ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը նկատեց, որ ընդհանուր առմամբ հանրաքվեն արտահայտել է քվեարկողների ազատ կամքը: Սակայն, քվեարկության օրը մի քանի տեղամասերում դիտորդները վկա եղան լուրջ չարաշահումների, որոնք ստվեր են գցում պաշտոնապես հայտարարված քվեարկության մասնակիցների քանակի վստահելի լինելու վրա: Նոյեմբերի 25 եւ 26-ին պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Դիտորդները տպավորություն ստացան, որ հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների հավասար հասանելիությունը ապահովված չէր: Սա անհավասար պայմաններ ստեղծեց սահմանադրական փոփոխությունների ընդդիմացողների համար եւ խափանեց իրական ժողովրդավարական քննարկումների կազմակերպումը:

Քվեարկության օրը Եվրոպայի Խորհրդի դիտորդները այցելեցին մոտ 150 ընտրատեղամաս մայրաքաղաքներում եւ մարզերում: Ընդհանուր մթնոլորտը հանգիստ էր եւ հասարակական կարգը խանգարող միջադեպեր չեն նկատվել: Այցելած տեղամասերի մեծ մասում քվեարկությունը կազմակերպվել էր միջազգային չափանիշներին համապատասխան: Սակայն, Երեւանում եւ մարզերում գտնվող տեղամասերի մեծամասնությունում իրավիճակը այլ էր:

Քվեարկության ցածր մասնակցությունը չհամապատասխանեց ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված բարձր ցուցանիշներին: Նկատվել են ընտրացուցակներում ավելացված ստորագրությունների կեղծման եւ լցոնման հստակ դեպքեր: Ընտրական ընթացակարգը, որը պահանջում էր քվեաթերթիկի վրա քվեարկությունից հետո կնիք դնել, առաջացրեց բազմաթիվ իրավիճակներ, որոնց ընթացքում չհարգվեց քվեարկության գաղտնիության սկզբունքը: Զինվորականների քվեարկությունը բացահայտեց ազատ կամքի արտահայտման բացակայությունը, որը հանդիսանում է ժողովրդավարական մասնակցության հիմքը:
Եզրափակելով, պատվիրակությունը գտնում է, որ հանրաքվեի ընթացքում տեղ գտած չարաշահումները հակասում են հայ ժողովրդի նպատակներին եւ շահերին: Պատվիրակությունը ակնկալում է, որ ԿԸՀ-ն կհետաքննի բոլոր բողոքները եւ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները կեղծիքների համար պատասխանատուներին պատժելու համար»: Հիշեցնենք, որ պատվիրակության համանախագահներն են Թոմաս Յիրսան (Չեխիա) եւ Շոն Օ' Բրայանը (Իռլանդիա):