«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակիցների և համակիրների հետ Ազատության հրապարակից երթով եկավ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մնացել է ընդամենը 2 տարի և մինչ այդ հայ ժողովուրդը պետք է ամնե բան անի, որ ունենա իրավական ու սահմանադրական պետություն:
«Պետք է փոխվի միջազգային հանրության կողմից Հայաստան պետության ընկալումը, որ երբ թակենք աշխարհի դուռը և պահանջենք արդարություն. մեզ ճիշտ ճանաչեն: Նոր Հայաստանը պետք է կարողանա իր ազգային շահը ձևակերպել ու ներակայացնել աշխարհին.
«Այդ օրը Թուրքիան կունենա երկու ընտրություն. կամ սահմանը բացել առանց նախապայմանների և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և այդ հարաբերություններն օգտագործել Հայկական հարցը լուծելու և հատուցելու համար կամ, եթե Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մենք պետք է նախապայմաններ առաջ քաշենք, և ներկայացնենք մեր պահանջները»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես մի բանում եմ համոզված՝ ինչպես 2 տարի անց Հայաստանում է լինելու նոր վիճակ, այնպես էլ Թուրքիան է դրական ուղղությամբ շարժվելու»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ այսօր ազգային միասնականության օր է և ոչ թե ողբի. «Ապրիլի 25-ին բացվելու է նոր Հայաստանի օրը»: