28 նոյեմբերի 2005 - 20:56 AMT
Եվրոպան ցանկանում է, որ Հայաստանը լինի զարգացած եւ բարգավաճող երկիր
«Եվրոպական հարեւանության քաղաքականության նպատակը Եվրամիության մերձեցումն է Հայաստանի հետ` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Կուրտ Յուուլը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ խորհրդակցությունների առաջին փուլի արդյունքներին: «Ուղղակի խոսքեր մեզ պետք չեն: Մեզ հարկավոր են կոնկրետ գործողություններ: Մենք ցանկանում ենք Հայաստանի, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ընդգրկված մյուս երկրների հետ մշակել Գործողությունների կոնկրետ ծրագիր»,-հաղորդել է նա: Կ.Յուուլը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանը միջոցառումներ իրականացնի եվրոպական չափանիշների եւ արժեքների ընդունման ուղղությամբ:
Նրա կարծիքով, դա իրոք կնպաստի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, քանի որ Եվրոպան իրոք ցանակնում է տեսնել Հայաստանը զարգացած եւ բարգավաճ: «Կարծում եմ, որ Հայաստանի կօգտվի դրանից, քանի որ հանրապետությունը կիսում է եվրոպական արժեքները, եւ դա ավելի հասանելի կդարձնի եվրոպական շուկան Հայաստանի համար»,-հայտարարել է Կ.Յուուլը: Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այսօր տեղի է ունեցել Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ խորհրդակցությունների առաջին փուլը, եւ ավելացրել, որ այդ բանակցությունները բավականին արդյունավետ են եղել: Բացի այդ, նա ընդգծել է, որ հայկական կողմը լավ էր նախապատրաստվել այս հանդիպմանը, ինչի շնորհիվ այսօր ստացանք տպավորիչ արդյունքներ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերն այդ ոլորոտւմ, Կ.Յուուլը հաղորդել է, որ «հաջորդ քայլը կլինի ընթացիկ հարցերի որոշումը:
Դա անելուց հետո, կհրավիրենք մեր հայ գործընկերներին Բրյուսել բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու համար»: «Մոտ ժամանակներս մենք կանենք ամեն ինչ բոլոր խնդիրների լուծումը գտնելու համար»,-հայտարարել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ծրագրի բովանդակությունը, ինչ միջոցառումներ են նախատեղվում Ծրագրի շրջանակներում եւ երբ կավարտվի նրա մշակումը` Կ.Յուուլը նշել է, որ ողջ Ծրագրի պարզաբանումը շատ ժամանակ կզբաղեցնի: «Ես կարծում եմ, որ երբ Ծրագրի մշակումն ավարտվի, Հայաստանի կառավարությունը մանրամասն կտեղեկացնի ԶԼՄ-ներին նրա բովանդակության մասին»,-հայտարարել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն` նա պատասխանել է, թե չի կարող գնահատել հանրաքվեի անցկացման ընթացքը, քանի որ ամբողջ օրը զբաղված է եղել այլ հարցերով: «Սակայն մենք հավատում ենք, որ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի զարգացմանը»,-հայտարարել է Կ.Յուուլը: Նրա խոսքերով, երբ նման փոփոխություններ են իրականացվում, Բրյուսելը միշտ ուշադիր հետեւում է դրանց: Անդրադառնալով Հարավային Կովկասի մյուս երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու ժամկետներին` նա նշել է, որ «վաղը նման խորհրդակցություններ կանցկացվեն Թբիլիսիում»: «Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում մենք ընդգրկել ենք Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները եւ գտնում ենք, որ կարելի է բանակցություններ սկսել նաեւ Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի պատվիրակության նախագահը: