29 նոյեմբերի 2005 - 15:22 AMT
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումը կարող է խանգարել հայ-ռուսական համագործակցությանը
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման միտումը կարող է խանգարել հայ-ռուսական համագործակցությանը: Այդ մասին նոյեմբերի 29-ին Երեւանում «Հայաստան-Ռուսաստան. Հայացք ապագային.Համագործակցության տեխնոլոգիաներ» խորագրով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է քաղաքագետ, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պանարինը: «Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին այցն ԱՄՆ, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ»,-հայտարարել է Պանարինը, որը հատկանշական է համարում այն փաստը, որ «Հայաստանի գործող նախագահը դեռեւս ոչ մի անգամ պաշտոնական այցով ԱՄՆ-ում չի եղել»: Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ն ակտիվացրել է իր քաղաքականությունը Հայաստանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումը սկսելուց անմիջապես հետո: «Անդրազգային բրիտանա-ամերիկյան կապիտալը սկսել է ակտիվորեն ներխուժել տարածաշրջան եւ նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին այստեղից»,-գտնում է Պանարինը: Նրա խոսքերով, ամերիկյան տեղեկատվական էքսպանսիան դեպի Հայաստան կտրուկ ակտիվացավ Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Պետդեպարտամենտի պրոֆեսիոնալ Ջոն Էվանսի նշանակումից հետո:


«ԱՄՆ նոր դեսպանատան շենքը Երեւանում խոշորագույններից է աշխարհում նման նշանակության շենքերի շարքում: Անհանգստություն է հարուցում նաեւ այն փաստը, որ ավելի վաղ հայտարարված 40 ծովային հետեւակայինների փոխարեն, որոնք միանգամայն ի զորու են ապահովելու այդ շենքի անվտանգությունը, այնտեղ նախատեսվում է տեղակայել 400 հետեւակային»,-հայտարարել է Պանարինը, ընդգծելով, որ «այդ մարտական ջոկատը անհրաժեշտության դեպքում կկարողանա հեշտությամբ ապակայունացնել իրավիճակն Երեւանում»: «Հայաստանում ԱՄՆ դեսպանը 2005 թվականի նոյեմբերի 28-ին արդեն ներկայացրել է 2007-2008 թթ. ընտրությունների նախապատրաստման նախագծերի փաթեթը եւ այդ ֆինանսական առաջարկները 6 մլն դոլարի չափով հաստատվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Այդ երկիրը, իր դիրքերը անդրկովկասյան տարածաշրջանում ամրապնդելու նպատակով փորձում է ապակայունացնել քաղաքական իրավիճակը Հայաստանում»,-համոզված է ռուս քաղաքագետը: Նրա կարծիքով, «կարեւոր է, որ նոյեմբերի 27-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցավ հարաբերականորեն հանգիստ իրավիճակում»: «Դա տեղի ունեցավ հայկական քաղաքական վերնախավի իմաստության շնորհիվ»,-գտնում է Պանարինը: «Հետագա հայ-ռուսական համագործակցությունը ենթադրում է Հայաստանում ապակայունացման ցանկացած հնարավորություն կանխելու անհրաժեշտությունը: Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի` քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական դաշտում, քանի որ շահագրգիռ է կառուցողական երկխոսություն վարելու եւ համագործակցելու Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: