30 նոյեմբերի 2005 - 16:37 AMT
Վ.Պուտին. ՀԱՊԿ երկրները պետք է միավորեն ջանքերը ժամանակակից սպառնալիքների դեմ պայքարում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է միավորեն ջանքերը ժամանակակից սպառնալիքների դեմ պայքարում: Այդ մասին Վլադիմիր Պուիտնը հայտարարել է ՀԱՊԿ երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նախագահի, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել անվտանգության ապահովման հարցերին: «Թմրանյութերի թրաֆիկը, ահաբեկչության սպառնալիքը, կազմակերպված հանցավորությունը այն իրողություններն են, որոնց հետ մենք, ցավոք, ստիպված ենք բախվել եւ որոնց դեմ պարտավոր ենք պայքարել»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը: Նա հիշեցրել է այն թեզը, որ այդ սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ կարելի է պայքարել միայն միավորելով ջանքերը: Պուտինի խոսքերով, ՀԱՊԿ-ին անդամակցող երկրներում «փաստացի ձեւավորվել է միացյալ էներգահամակարգ, միասնական տրանսպորտային համակարգ»:

«Այդ ամենը հատկապես բարենպաստ պայմաններ է ստեղծում քրեական տարրերի համար, բայց եւ հնարավորություն է տալիս մեզ հակազդել այդ մարտահրավերներին»,-ասել է նախագահը: «ժամանակակից սպառնալիքների դեմ արդյունավետ պայքար կարելի է մղել միայն միավորելով ջանքերը,-հայտարարել է ռուսական պետության ղեկավարը:-Դա իրոք այդպես է, հատկապես մեր երկրների համար, որոնց միջեւ փաստորեն սահմաններ չկան եւ ազատ տեղաշարժվում են ոչ միայն ապրանքներն ու կապիտալը, այլ նաեւ մարդիկ»: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը առաջարկեց կենտրոնանալ պաշտպանական համալիրի եւ ՀՕՊ-ի համակարգի խնդիրների վրա: Պուտինի խոսքերով, ՀԱՊԿ երկրների համագործակցությունը դուրս է գալիս նոր մակարդակի: Ողջունելով Կրեմլում խորհրդակցության մասնակիցներին` նա նշել է, որ «նման ձեւաչափով մենք հավաքվում ենք առաջին անգամ»: «Սա լավ նշան է, որ վկայում է, թե ՀԱՊԿ երկրների համակարգումը ավելանում է, նոր որակ է ձեռք բերում»,-գտնում է Ռուսաստանի նախագահը:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է խաղաղապահ գործողություններ անցկացնել այս կազմակերպության անդամ հանդիսացող երկրներում այս կամ այն երկրի կոնկրետ հարցման համապատասխան: «Իհարկե, ոչ թե հիպոթեթիկ, այլ կոնկրետ պայմաններում, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը մեր կանոնադրական փաստաթղթերի համաձայն կառաջարկի այս կամ այն խաղաղապահ գործողությունն անցկացնել»,-հայտարարել է Լավրովը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են` Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը: Ներկայումս Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Կազմակերպությունը նախատեսում է ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական համագործակցություն` ինտեգրման մակարդակի բարձրացում, գործունեության ոլորտի ընդլայնում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: