ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կապված հարց չի քննարկել: «Քննարկվել են նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցեր, ընթացիկ խնդիրներ ու դրանց կարգավորման ուղիները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նոր կազմը կախված է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից:
«Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը»,- գրել է «Հայկական ժամանակը»: Լրատվամիջոցներում քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Ըստ թերթի` գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը: