1 դեկտեմբերի 2005 - 15:44 AMT
Միջազգային ճգնաժամային խումբ. «Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում անցել է լուրջ խախտումներով
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցել է լուրջ օրինախախտումներով` «կասկածելի անվանելով ընտրողների 65 տոկոս մասնակցությունը»: «Մեր դիտորդների աչքի առջեւ Երեւանի երեք ընտրատեղամասերում 45 րոպեի ընթացքում քվեարկել է ոչ ավելի, քան 10 ընտրող: Հայաստանը պետք է շտապ կարգով բարեփոխի իր ընտրակարգը: Առաջիկայում 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրություններն են»,-նշել է նա:
Անդրադառնալով ղարաբաղյան համակարտության կարգավորման վրա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ազդեցությանը` Ֆրեյզերը նշել է, որ երկու երկրներում էլ բնակչությունը հիմնականում անտարբեր է քաղաքական գործընթացների նկատմամբ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ բնակչությունը կորցրել է հույսը, թե կարող են ապրել եվրոպական ժողովրդավարության սկզբունքներով հասարակությունում: Սակայն եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը հաջող ընթացք ունենա, այդ դեպքում անհրաժեշտ կլինի բոլոր ադրբեջանցիների եւ հայերի լիակատար եւ ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին: Հնարավոր չէ խաղաղության հասնել` տարածաշրջանում ապրող մարդկանց ցանկություններին հակառակ: Թե` Հայաստանի, թե` Ադրբեջանի իշխանությունների համար շատ կարեւոր է բացատրել իրենց քաղաքացիներին, թե որ փուլում են գտնվում բանակցությունները, խաղաղ կարգավորման որ տարբերակն է առավել ընդունելի եւ ինչ քայլեր է պետք ձեռնարկել այն իրագործելու համար», - հայտարարել է փորձագետը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: