27 ապրիլի 2013 - 15:52 AMT
Ստամբուլում կրկին կքննեն Հրանտ Դինքի սպանության գործը

Հրանտ Դինքի սպանության գործի նոր հետաքննությունը կսկսվի զրոյից: Ինչպես գրում է «Ակոս» թերթը, Ստամբուլի Շիշլի շրջանի նոր դատախազ Մուամեր Ակաշը խնդրել է ևս մեկ անգամ հարցաքննել առանցքային վկաներին:

Ակաշը, որը եղել է «Էրգենեկոնի» գործով դատախազներից մեկը, որոշել է ընդլայնել Դինքի սպանության գործի հետաքննությունը: Տասը նոր վկաներ, այդ թվում ոստիկանության ու ժանդարմերիայի աշխատակիցներ են վերջերս ցուցմունք տվել: Դատախազությունը նաև վերլուծել է սպանությունը գործած Օգյուն Սամասթի և սպանությունը հրահրելու համար դատապարտված Յասին Հայալի ցուցմունքները: Հարցաքննությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ: Նոր ցուցմունքներ են տվել նաև Էրսին Յոլջուն ու Ահմեդ Իսկենդերը, որոնք դատապարտվել են սպանությանը մեղսակից լինելու համար, ինչպես նաև Էրհան Թունջելը, որին դատարանը արդարացրել է: