Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը կարծում է, որ պետք է թույլ չտալ, որ ՀԱԿ ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ նրա պաշտոնավարումը շատ վտանգավոր կլինի:
«Նրա պաշտոնավարման օրոք տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր մայրաքաղաքի բակերը: Մեր երխաներին բակերում խաղալու, տարեցներին նստել-հանգստանալու հնարավորությունից զրկեցին: Նույնն այսօր կատարվում է մեր այգիներում և պուրակներում»,- ասաց Հովհաննես Շահինյանը: Ըստ ՕԵԿ թեկնածուի` հենց այդ տարիներին դրվեց վատ կառավարման հիմքը:
«Հիմք դրվեց, որ մեր անկախ պետությունը վերածվի ընտրախախտումների, ընտրակեղծարարների մի հսկայական մեխանիզմի: Վերածվեցինք լակոտ-լուկուտների, թաղային հեղինակությունների, ընտրական տեղամասերում խախտումներ անողների, հանձնաժողովի անդամների և վստահված անձանց ծեծող ջարդողների ինստիտուտի: Չպետք է թույլ տալ, որ նրանք նորից մոտենան պետության կառավարմանը»,- ասաց նա:
ՕԵԿ թեկնածուի բնորոշմամբ` այդ մարդիկ ապացուցել են, որ իրենք ոչ թե համակարգ կայացնող, այլ համակարգ քանդող են: